Այս անգամ էլ ՀՀ մշակույթի նախարարն էր հյուրընկալել ուսանողներին: Բանն այն է, որ մայիսի 10-ին, երբ նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպում էր ունեցել համալսարանի ուսանողների հետ, մնացել էին անավարտ կամ մինչեւ վերջ չքննարկված մի շարք հարցեր: Ուստի մայիսի 19-ին, հանդիպում էր կազմակերպվել հենց նախարարությունում: ԵՊՀ-ում կայացած նախորդ հանդիպման ընթացքում ուսանողներին մտահոգել էին հայկական հեռուստաեթերում մշակութային տարրի թերությունները, երբեմն նաեւ դրա բացակայությունը կամ խեղաթյուրումը: Շեշտը դրվել էր մասնավորապես սերիալների որակի եւ քանակի վրա, որոնք նույնպես լսարանի վրա մեծ ազդեցություն ունեն: Իսկ նախարարությունը` որպես երկրի մշակութային քաղաքականությունն իրականացնող գլխավոր կառույց, որոշակի առումով պետք է նաեւ վերահսկողություն իրականացնի հեռուստաեթերի` մշակութային արժեքների մատուցման կամ սերմանման վրա: Այդ կապակցությամբ նախարարը նշեց, որ իրենց հանդիպումից հետո իրավաբանին հանձնարարել է ուսումնասիրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա էլ նախարարությունը հանդես կգա դրանում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ: Տիկին Պողոսյանն առաջարկեց, որ այդ գործընթացին մասնակցեն նաեւ ուսանողները: Ուսանողների այցելության նպատակներից էր նաեւ ԵՊՀ մշակութաբան ուսանողների պրակտիկայի հարցը նախարարի մոտ բարձրացնելը: «Մեր` մշակութաբաններիս պրակտիկան սահմանափակվում է միայն պատմամշակութային հուշարձանների այցելությամբ, բայց մեզ անհրաժեշտ է ծանոթանալ նաեւ մշակութային կառույցների գործունեությանը»,- ասում է Պատմության ֆակուլտետի ուսանողուհի Տաթեւիկ Դավիթավյանը: Նախարար Հասմիկ Պողոսյանն ուսանողներին ներկայացրեց այն կառույցների ցուցակը (թանգարաններ, գրադարաններ, պատկերասրահներ, համերգասրահներ եւ այլն), որոնցում նրանք կարող են պրակտիկա անցկացնել, նաեւ գործի դնել համալսարանում ստացած գիտելիքները: Մնում է միայն ֆակուլտետի հետ հստակեցնել մանրամասները: Քանի որ ուսանողները հյուրի կարգավիճակում էին, ուստի դատարկաձեռն չէին ներկայացել: Ուսանողական խորհուրդը նախարարին նվիրեց արծաթե մեդալ` ՈՒԽ բարձրագույն պարգեւը:
|