Главная » 2011 » Օգոստոս » 31 » ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
16:50
ՀԵՌԱԿԱ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Օգոստոսի 3-ից արդեն սկսվել է հեռակա ուսուցման համակարգ դիմողների փաստաթղթերի ընդունումը: Օգոստոսի 29-ի դրությամբ 167 ուսանող ցանկանում է սովորել այս համակարգում: Դիմումների ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 20-ը: Ըստ Մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանի` առայժմ ամենաքիչ դիմումները ներկայացվել են բնագիտական ֆակուլտետների համար:
«Այս տարի ե՛ւ առկա, ե՛ւ հեռակա համակարգում դիմորդների թիվը զգալիորեն կրճատվել է, եւ հատկապես հեռակա ուսուցման համակարգում չենք սպասում, որ ուսանողների թիվը կգերազանցի 400-ը»,- ասում է պարոն Գալստյանը:
Դիմումների ընդունումը կատարվում է 29 մասնագիտություններով: Այս տարի հեռակա ուսուցում չի լինելու փիլիսոփայություն մասնագիտությամբ եւ Արեւելագիտության ֆակուլտետում:
Ինչպես սպասվում է, որոշ ֆակուլտետներում հեռակա կուրսը բաղկացած կլինի մեկ կամ երկու ուսանողից, ըստ այդմ` բազմաթիվ ծախսերից խուսափելու համար կուրսը կմիացվի հարակից մասնագիտությունների կուրսերին:
Այն ուսանողները, ովքեր դիմել են ԵՊՀ հեռակա ուսուցման բաժին, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կհանձնեն քննություններ եւ պահանջվող շեմը անցնելու դեպքում նոյեմբերի 1-ից հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացներին: