Հինգշաբթի, 14.11.2019, 20:33
Ողջունում եմ ձեզ Гость | RSS

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Категории раздела
Հարցում
Ում ստեղծագործություններն են ավելի լավը?
Ընդհանուր պատասխանած: 156
Ով կա կայքում

Կայքում ընդհանուր 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
page28

Մանկական բանաստեղծություններ

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՄԵԾԱՆՈՒՄ ԵՄ

Տատիկն ասաց, թե անձրևից 
Բոյ է քաշում ծիլը հողից:

Մեծանում է ամեն մի բան,
Նույնիսկ կաղնին հսկայական:

Վահեն լսեց, և, այ կատակ`
Իջավ, կանգնեց անձրևի տակ:

Տատիկը թե` 
- Ի՞նչ ես անում:
- Մեծանում եմ,
Բա չես տեսնու՞մ:


ՓՈՔՐԻԿԻ ԽՐԱՏԸ

Այ ժամացույց, ժամացույց,
Դու չե՞ս հոգնում խոսելուց,
Մի բերան հենց`տիկ, հա տիկ...
Բա դու չունե՞ս մի տատիկ,
Որ քեզ ասի. 
- Սուս արա,
Գլուխներս դու տարար:
Հերիք խոսես ու շարժես
Սլաքներ ու ճոճանակ,
Քո չափ թե որ ես խոսեմ,
Տատն ինձ կասի.
- Չաչանակ: 


ԽՈԶԸ

Խոզը մտավ մի պարզ լիճ,
Մաքրեց մի լավ դունչ ու պինչ,
Հետո ելավ ու ասավ.
- Ախ, ինչ կեղտոտ ջուր է սա:



Անգլիական ժողովրդական մանկական բանաստեղծություններ
Հենրիկ Սևանի փոխադրությամբ

Քամի

Քամի, քամի, այ քամի,
Քեզ անձրևը ի՞նչ կանի,
Կանաչ դաշտում դու խաղա,
Աղացն ալյուր թող աղա,
Որ ալյուրից սպիտակ
Տատը թխի կարկանդակ:


Տղաների ու աղջիկների մասին

Գիտե՞ք ինչից են պատրաստված
Տղաները երես առած.
Ծույլ խխունջից, գորտից կանաչ,
Ու շլդիկից երկարականջ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Տղաները երես առած:

Գիտե՞ք ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած.
Կարկանդակից, մեղրից անուշ,
Ծաղիկներից, վարդից քնքուշ:
Ա՛յ թե ինչից են պատրաստված
Աղջիկները չափած-ձևած:


Կատուն

Շունը տունն էր հավաքում,
Այծը՝ սրինգ նվագում,
Փոքրիկ մեղուն ծառի տակ
Նորոգում էր մի փեթակ,
Կատուն՝ թողած բան ու գործ,
Շտապում էր խոհանոց:


Գառնուկը

Ա՛յ իմ գառնուկ,
Խելոք ու հեզ,
Դու քանի՞ պարկ
Բուրդ կտաս մեզ:

- Ձեզ բուրդ կտամ՝
Ինչքան կուզեք,
Բայց թե հիմա
Ինձ մի՛ խուզեք:


Հսկան

Կար մի հսկա մեր գյուղում,
Շատ էր սիրում կերուխում:
Ախ, անիծվեր այդ օրը,
Կրակն ընկել էր փորը,
Կուլ էր տվել մեր հսկան
Մի չաղլիկ մուկ ճստճստան,
Մուկն էլ սոված ու ծարավ՝
Կուշտ փորի մեջ քեֆ արավ:

Հսկան ցավից մղկտաց
Ու բժշկի մոտ գնաց:
- Մի տրտնջա այդքան խիստ, -
Ասաց բժիշկը հանգիստ, -
Թե որ կուլ տաս մի կատու՝
Կառողջանաս իսկույն դու:


Մոմը

Նա մի քնքուշ
Աղջիկ է,
Հագին ճերմակ
Շապիկ է,
Քիթը կարմիր
Ծաղիկ է:
Ինչքան գիշերն 
Երկարի.
Այնքան արագ
Կմարի
Ճերմակ աղջիկն
Այդ բարի:



Փոքրիկ Զրույց

Տիկին բադը փողոցում
Մայր հավի հետ էր խոսում,
Հազար ու մի հարցի շուրջ
Խոսում էին նրանք լուրջ:
Նրանց խոսքից հասկացա
Միայն կո՛-կո ու ղա՜-ղա՜:


Մածունը

Մի օր մածուն տարա շուկա,
Օրը պարզ էր, արև,
Ինձ մոտեցավ մի պառավ կին,
Ասաց՝ բարև՛, բարև՛:

Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛,
Ես ասացի՝ բարև՛, բարև՛,
Նա էլ ասաց՝ բարև՛:

Թթվեց մածունն ամանի մեջ,
Կորավ լույս ու արև,
Բայց դեռ իրար ասում էինք՝
Բարև՛, բարև՛, բարև՛:


Կատվի ձագերը

Երեք փոքրիկ կատուներ
Մի օր տնից դուրս եկան,
Ոչ ման գալու գնացին, 
Ոչ էլ խանութը՝ ձկան:

Նրանք տնից դուրս եկան, 
Որ գտնեին կովի կաթ,
Եվ կովի կաթը գտան
Ձագուկները չալ ճակատ:

Իսկ որտեղի՞ց կաթն անուշ
Կատվի ձագերը գտան:
Գտան՝ երբ որ մեր բակի
Մանկապարտեզը մտան:


Թումանյան

Գրիչ 

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

Փիսոն 

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ-որ ուզեց, ասին՝ ոչ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։

Քամին

― Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ․․․
Քամին է, քամին,
Տես անզգամին,
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քշում է։

Կորի դու, քամի,
Անպիտան քամի,
Մի վախի, ջանիկ,
Փեշս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

― Ո՞ւր գնացին ծաղիկները․․․
― Սու՜ս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ:
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:
«Ելե՛ք,― կասի,― իմ մանուկնե՛ր»
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ


Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Տերևաթափ.

― Ա՛յ փոքրիկներ, ա՛յ սիրուններ
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին:
Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկեք ինձ հետ, փախեք ինձ հետ․․․

Տերևները հենց լսեցին,
Նախշուն-նախշուն գույներ հագան
Սվսվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան:

Ղազարոս Աղայանին

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարդզին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Վարդը

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, 
Տեսավ մի վարդ դաշտի միջին. 
Վարդը տեսավ, ուրախացավ, 
Մոտիկ վազեց սիրուն վարդին, 
Սիրուն վարդին, կարմիր վարդին, 
Կարմիր վարդը դաշտի միջին: 

Տղան ասավ. - Քեզ կպոկեմ, 
Այ կարմիր վարդ, դաշտի միջին, 
Վարդը ասավ. - Տես, կծակեմ, 
Որ չմոռնաս փշոտ վարդին, 
Փշոտ վարդին, կարմիր վարդին, 
Կարմիր վարդը դաշտի միջին: 

ՈՒ անհամբեր տղան պոկեց, 
Պոկեց վարդը դաշտի միջին, 
Փուշը նրա ձերքը ծակեց. 
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին, 
Քնքուշ վարդին, կարմիր վարդին, 
Կարմիր վարդը դաշտի միջին:


Հայրապետ Հայրապետյան

ՄԵ՞Ծ ԵՄ, ԹԵ՞ ՓՈՔՐԻԿ

Երբ ձեռքերս չեմ լվանում,
Ինձ ասում են` լվացվի՛ր,
Մեծը երբեք չի ծուլանում,
Արդեն մեծ ես, իմացի՛ր:
Թե քույրիկս թատրոն գնա,
Ինչքան խնդրեմ` չի տանի.
Ինձ կասի` դու տանը մնա,
Փոքրիկ ես դեռ` չեն թողնի:
Հենց որ ժամը ութն է լինում,
Ինձ ասում են` քնիր շուտ,
Փոքրիկները շուտ են քնում,
Տես` դրսում ինչ մութ է, մութ...
Մեկն ասում է` մեծ ես արդեն,
Մեկն ասում է` փոքր ես շատ.
Մե՞ծ եմ, ասե՛ք, թե՞ փոքր եմ դեռ.
Ո՞նց իմանամ ես հաստատ... 

Սուրեն Մուրադյան

ՆՍՏԱՐԱՆԸ
Մի տարվա մեջ ծույլ Արան
Փոխեց քանի՜ նստարան:
_Առաջին շարքը տարեք,
Ու կստանամ ես ...«երեք»:
Ծույլին դա էլ չփրկեց,
Նորից «երկուս» շալակեց:
Գերազանցիկ Հայկի մոտ
Ես չեմ լինի ալարկոտ...
Այսպես շրջեց ծույլ Արան
Նստարանից նստարան:
Այդքան էլ ծույլ աշակե՞րտ՝
Տարան առաջ, բերին հետ,
Դե, մի խոսքով՝ ուր տարան, 
Գտավ «երկուսը»նրան:


ԿՈՐԱԾ «ՀԻՆԳԵՐԸ»

Մեր գյուղի ճամփին,
Մի ջրհորի մոտ
Կանգնել էր Արմիկն՝
Աչքերն արցունքոտ:
-Ի՞նչ է պատահել,-
Հարցրի կամաց,
Նա լաց լինելով՝
Հազիվ կմկմաց.
-Օրագիրս հանկարծ...
Ընկավ ջրհորը...
-Ոչինչ,-ասում եմ,-
Կգնես նորը:
Նա ավելի է
Կիտում հոնքերը.
-Բա... ինչպե՞ս գտնեմ
Կորած «հինգերը»...

ՌԱՖԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԵՐԿՈՒ ԾԻՏԻԿ

Բարդու ճյուղին Ծիտիկներին 
Երկու ծիտիկ Դարձավ, ասաց.
Բույն հյուսեցին -Ա՛յ ծիտիկներ
Իրար մոտիկ, Իմ սիրասուն,
Դարձան ընկեր Խռովելը
Ու հարևան, Ձեզ չի սազում,
Գտած հասկը Էլ ո՞նց պիտի
Մեկտեղ կերան: Միմյանց նայեք,
Ու մի օր էլ Դուռը դռան
Մի փուչ բանից Հարևան եք:
Խռովեցին Դե, շուտ արեք,
Երբ իրարից, Թռեք մոտիկ,
Բարդու ճյուղը Իրար մեկնեք
Լեզու առած՝ Թև ու տոտիկ:


......................................................................

Ծափիկ-ծափիկ, ծափ-ծափիկ, 
ՈՒնեմ տատիկ ու պապիկ: 
Տատս ճաշ է պատրաստում, 
Պապս՝ ծառ է պատվաստում: 
Իսկ ես նստած ծառի տակ, 
Նկարում եմ նապաստակ:
-Նապաստա´կ, նապաստա´կ, 
Ի՞նչ ես նստել ծառի տակ:
Արի´ գնանք մեր բակը:
-Չեմ գա, չեմ գա ձեր բակը, 
Ձեր բակի մեծ շունիկը
Համփ կանի, փափլիկ պոչիկս կտանի…



ԵՍ ՇՆԻԿ ԷԻ

Ես Շնիկ էի, թմբլիկ էի,
Ունեի մայրիկ, հողե տնակ,
Թեև անտարբեր ու բկլիկ էի,
Փորիկս կուշտ էր ու տեղս տաք:
Ես անուժ էի ու չհաս էի,
Ոչ ոք ինձ վրա չէր նայում խեթ,
Ուրախ ու հպարտ կվազվզեի
Ու խաղ կանեի ամենքի հետ:
Հիմա, որ արդեն շուն եմ իսկական,
Կարող եմ տեղին հաչել, կծել,
Ինձ քար նետողին ցույց տալ իր ճամփան,
Ավա՜ղ, իմ վզին թոկ են գցել:
Շոգին՝ թուլանում, ցրտին՝ փայտանում,
Պահում եմ անքուն տուն ու այգի,
Սակայն իմ վզին շղթան չեն հանում,
Ոչ արձակուրդ կա, ոչ կիրակի:
Թե հնար լիներ՝ շղթաս պոկեի,
Ձեռ կքաշեի շնությունից,
Եվ աշխարհով մեկ կբողոքեի
Իմ ցեղն ստեղծող բնությունից:


Ուլիկ, ուլիկ, այ ուլիկ,
Դու դեռ շատ ես պստլիկ,
Քամին կգա կտանի,
Զույգ աչքերդ կհանի:
Ուլիկ, թե գաս դու ինձ մոտ,
Ոչ մի բազե չի գա մոտ...


ՆՈՐ ՏԱՐԻ

Շնորհավո՜ր, 
Շնորհավո՜ր, 
Շնորհավո՜ր:
Այս մի տոնին 
Ո'չ հարս է պետք, 
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնին
Հարկավոր են՝
Խնձոր, նարինջ
Պնդուկ, չամիչ,
Խավյար մի քիչ
Եվ շոկոլադ,
Նուռ ու փշատ,
Ու մանուկներ,
Ուրախ ու շատ,
Լույսով լի, ջինջ 
Մի մեծ դահլիճ,
Մանուկների
Ծիծաղ ու ճիչ:
Այս մի տոնին հարկավուր են -
Կարմրաթուշիկ
Ձյունանուշիկ,
Նախշուն ու վառ 
Մի տոնածառ,
Ձմեռ պապի՝
Մութ անտառից,
Մեր գետապի,
Որն իր հսկա
Պարկի միջից-
Կամ էլ բըռի,
Գանգուրներին մանուկների,
Նուրբ վարսերին
Խաղաղություն խինդով սփռի: 
Այս մի տոնին 
Ո'չ հարս է պետք, 
Ո'չ էլ քավոր:
Այս մի տոնը
ՆՈՐ ՏԱՐԻՆ Է, 
Եկեք ասենք -
Շնորհավո՜ր,
Շնորհավո՜ր
Շնորհավո՜ր:

ՈՒԼԻԿԻ ԾԱՄՈՆԸ

Մեր ուլիկը կուշտ արածել,
Հանդից տուն էր վերադարձել,
Էլ անելու ոչինչ չուներ,
Բակում նստել, որոճում էր:
Այդ որ տեսավ փոքրիկ Կամոն
Կանչեց տատին՝ ծամո'ն,ծամո'ն,
Տե'ս ուլիկին... բա ի'նձ, բա ի'նձ...
Տատի, ասա կեսը տա ինձ:
-Վայ, բալիկ ջան, լաց մի լինի,
Մեր ուլիկը ծամոն չունի,
Կերած խոտը մանրում է նա,
Որ հեշտ մարսի, հեշտ կուլ գնա.
Եվ զարմացած քեզ է լսում,
Թե այս խենթուկն ի՞նչ է ասում: :)


ԾԼՎԼԻԿԸ

Է՜յ, չալ ծիտիկ, չալպտուրիկ,
Որ երգում ես տան կտուրին,
Նոր ես ելել տաք բարուրից,
Չե՞ս վախենում չար ուրուրից:
Թռի'ր, արի' դու ինձ մոտիկ,
Կեր եմ փթրել, տե'ս, ալյուրից:
Կորի'ր, ուրուր, է՜յ, միտքը չար,
Կորի'ր, կատու՝ գող, մեջքը չալ:
Եկավ մայրը ծլվըիկի,
Գտավ բալին իր մինուճար:

ԼՈԻՍԻՆ

Լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան
Կլոր ես

Լույս ես տալիս
Գիշերով,
Քո վառվռուն
Թշերով: 


ԲԶԵԶ

Բը՛զ, բը՛զ, բըզբըզան,
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը


ՄԻ ԷԾ ՈԻՆԵՄ

Մի էծ ունեմ
Հինգ վեց ուլով,
Կաթը կըթեմ
Կուժով, կուլով,
Մածուն մերեմ
Կճուճներով,
Եղը հանեմ
Լվի տկով,
Բառնամ սելին
Մեծ-մեծ ակով,
Քաղաք տանեմ
Յոթ լուծ մկով,
Հո՜, հո՜ անեմ
Ուղտի պոչով,
Ճամփեն երթա
Կատվի քուչով:
Թե չհասնի
Էդտեղ վնաս,
Քեռի Մինաս,
Ինձ հյուր կըգաս:


ԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ

Դռան առաջ
Մի անգամ,
Պապը ցանեց
Մի շաղգամ:
Շաղգամն աճեց,
Մեծացավ.
Պապը քաշեց,
Քաշքըշեց,
Շաղգամն հողից
Չհանեց:
Պապը կանչեց
Տատիկին.
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին,
Տատը կանչեց
Թոռնիկին.
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին:
Թոռը կանչեց
Շընիկին.
Շունը թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին:
Շունը կանչեց
Փիսոյին.
Փիսոն՝ շընից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից,
Հա՜ քաշեցին
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Չհանեցին:
Փիսոն կանչեց
Մըկնիկին.
Մուկը՝ փիսոյից,
Փիսոն՝ շնից,
Շունը՝ թոռից,
Թոռը՝ տատից,
Տատը՝ պապից,
Պապը՝ շաղգամից.
Որ քաշեցին,
Քաշքըշեցին,
Շաղգամն հողից
Հանեցին:




ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ, ՊԱՏԸ ՏԱՐԱՆ

Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մի կով
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝ կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան ողջ տարվա գոմշաձուն,
Խճաքարերի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը...

Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:


ԵՐԵՔ ՓՉԱԿ, ԵՐԵՔ ԲՈՒ...

Երեք փչակ, երեք բույն,
Երեք բնում՝ երեք բու:
Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,
Ամեն բնում՝ բու, բու, բու:
Առաջինում՝ բվաձու,
Երկրորդում էլ՝ բվաձու,
Երրորդի մեջ՝ բվաձու...

Չորորդը չկա՜:

Ի՜նչ երջանիկ բվեր են,
Ի՜նչ սիրունիկ ձվեր են,
Ձվից կելնեն ու կերգեն
Բվիկները բվերեն...

ԱՅՍՊԻՍԻ ԵՐԳ

- Հով է, հով է, հով է, հով է,
- Հովը մարմա՞նդ է, թե՞ զով է:

- Զով է, զով է, զով է, զով է
- Զովը կապո՞ւյտ է, թե՞ մով է:

- Մով է, մով է, մով է, մով է,
- Մովը լճա՞կ է, թե՞ ծով է:

- Ծով է, ծով է, ծով է, ծով է,
- Ծովում գոմե՞շ է, թե՞ կով է:

- Գուցե գոմեշ, գուցե կով է,
- Գուցե լճակ, գուցե ծով է,
- Գուցե կապույտ, գուցե մով է,
- Գուցե մարմանդ, գուցե զով է:

- Զարմանալու կարիք չկա,
Բարկանալու առիթ չկա,
Ինձ այս հանգը, ինձ այս ռիթմը,
Ինձ այս ուրախ երգն է թովել:

- Կով է, կով է, կով է, ծով է,
- Ծով է, ծով է, ծով է, մով է,
- Մով է, մով է, մով է, զով է,
- Կով է, մով է, զով է...
- Գուցե գոմեշ, գուցե կով է,
- Գուցե լճակ գուցե ծով է, 
- Գուցե կապույտ, գուցե մով է,
- Գուցե մարմանդ, գուցե զով է,....


ԾԱՂՐԱԾՈՒՆ ԵՎ ԾԱՂՐԱՁՈՒՆ

Մի ծաղրածու կրկեսում,
Ներկայացման ճիշտ կեսում,
Նստեց, նստեց, նստեց ու...
Ածեց մի շատ սիրուն ձու:

Ովքեր տեսան՝ հիացան,
Հիացան ու միաձայն
Գմբեթի տակ կրկեսի
Երգեցին երգ այսպիսի.

«Ծաղ-ծաղ-ծաղրածու,
Ծաղրածուն ածել է ձու,
Ծաղրածուի ածած է,
ԾԱՂՐԱՁՈ՜Ւ Է, ԾԱՂՐԱՁՈ՜Ւ...

Թե թխսի տակ դնենք ձուն,
Ծաղրածուի ածած ձուն,
Գուցե դուրս գա, ո՜վ գիտի,
Մի պստլիկ ծաղրածու:

Կսպասենք, չենք ալարի,
Իսկապես չենք ալարի,
Երեք շաբաթ հետո մենք
Կասենք՝ ծնունդդ՝ բարի...

Շատ լավ բալիկ կլինի,
Քիթը լոլիկ կլինի,
Բերանը՝ մ-ե-ե-ե՜-ծ, գլուխն էլ
Գունդ-կլորիկ կլինի...»:

ՇՈՒՏԱՍԵԼՈՒԿՆԵՐ

Ավելն ասաց ավելին՝
Չփափագես ավելին,
Քանի սենյակ էլ մաքրես՝
Չես հասնի ցախավելին:

Ջու, ջու, ջու, ջու, ջու, ջու,
Զուր եք այդտեղ քջուջում,
Եկեք ինձնից ստացեք
Ընտիր ցորեն ու ջինջ ջուր:

Շահը շահին ասաց՝ շահ,
Կլինի՞ շահը անշահ:
Շահը՝ անշա՞հ, շահն ասաց,
Թե անշահ է՝ էլ ի՞նչ շահ:

Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:

Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:

Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն:

Գնել, նել, այ նել,
Հեշտ չէ հիմա գիրք գնել,
Գնա ու տես խանութում
Ի՜նչ գրքեր են, ի՜նչ գներ:

Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:

Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից...


ԻՄ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Սովորել եմ կարդալ, գրել,
Գիր ու գրքով միտքս սրել.
Ա-ն՝ արևն է ելած ոտի,
Բ-ն՝ բարևն է առավոտի:
Գ-ն՝ գնում եմ նորից դասի,
Դ-ն՝ դպրոցն է Երրորդ մասի:
Ե-ն՝ եկել եմ դպրոցից տուն,
Զ-ն՝ էլ զանգն է դռան հնչում:
Է-ն՝ է՜յ, ինչքան լավ է տանը,
Ը-ն՝ էլ ընկեր Վարդանյանը:
Թ-ն՝ թվերն են ու թանաքը,
Ժ-ն՝ ժամն է ու ժամանակը:
Ի-ն՝ իղձերն են մանուկ սրտում,
Լ-ն՝ լռեցե'ք, դաս եմ սերտում:
Խ-ն՝ խաղալու ժամն է բակում,
Ծ-ն՝ ծիրանի ծառն է ծաղկում:
Կ-ն՝ կրպակն է մրգով լիքը,
Հ-ն՝ հարազատ իմ հայրիկը:
Ձ-ն՝ ձմեռն է, ձյունը մայթի,
Ղ-ն՝ ղողանջը մոտի վանքի:
Ճ-ն՝ ճտերն են, ճընճըղուկը,
Մ-ն՝ մայրիկն ու իր մանուկը:
Յ-ն՝ թիվ յոթն է՝ իմ տարիքը,
Ն-ն՝ նահապետ Նոյ պապիկը:
Շ-ն՝ շնիկն է բակը հսկող,
Ո-ն՝ ոչխարն է մեզ բուրդ տվող:
Չ-ն՝ չամիչն է, չիրն է բալի,
Պ-ն՝ պապիկն է իմ միշտ բարի:
Ջ-ն՝ Ջիվանն է ջութակահար,
Ռ-ն՝ Ռուբիկն է մեր ռազմավար:
Ս-ն՝ էլ սիրտն է մեզ ջերմ սիրող,
Վ-ն՝ վանքերն են մեր ղողանջող:
Տ-ն՝ տատիկն է միշտ հոգատար,
Ր-ն՝ րոպեն է, մեր խեղճ Ր -ը տառ:
Ց-ն՝ ցորենի հացն է անուշ,
Փ-ն՝ փնթին է ծույլ ու ապուշ:
Ք-ն՝ քաղաքն է մեր քարակերտ,
Ու-ն՝ ուլունքն է հուռութքի հետ:
Օ-ն՝ հինգերն են օրագրի մեջ,
Ֆ-ն՝ ֆինալը, այսինքն՝ ՎԵՐՋ:

Բանասիրական

Copyright MyCorp © 2019