Բազմաթիվ պատմաբաններ, ներկա ու ապագա դիվանագետներ, գրականագետներ եկել էին ԵՊՀ` ներկա գտնվելու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի «Նախիջեւանի հիմնահարցը 1920-1921 թթ.» աշխատության շնորհանդեսին:
Այս գիրքը հեղինակի` Նախիջեւանի հիմնահարցին նվիրված եռամաս ուսումնասիրության երրորդ` վերջին հատորն է, որտեղ համակողմանի ներկայացվում են Ադրբեջանի խորհրդայնացումից հետո նախիջեւանյան հիմնահարցում տեղի ունեցած զարգացումները, խնդրի լուծման ուղղությամբ ծավալած ռազմական եւ դիվանագիտական գործընթացները: Հեղինակը ցույց է տալիս հիմնահարցի տեղն ու դերը հայ-ադրբեջանական, հայ-ռուսական եւ հայ-թուրքական հարաբերություններում, անդրադառնում այն հարցին, թե ինչպես եւ ինչու հիմնահարցը փոխադրվեց ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտ, իսկ խորհրդայնացված Հայաստանը դուրս մղվեց դրա լուծման դիվանագիտական գործընթացից:
«Էդիկ Զոհրաբյանը միշտ խուսափել է «տրորված» ճանապարհով գնալուց: Նա այն քիչ պատմաբաններից է, ով նախապես համոզված է լինում իր հետազոտության իրավացիության մեջ, քանի որ մշտապես հենվում է փաստերի վրա»,- խոսելով գրքի հեղինակի մասին` ընդգծեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով այս աշխատությունը որակեց իբրեւ պատմաբանի սխրանք:
ԵՊՀ ռեկտորը նշում է, որ Էդիկ Զոհրաբյանը միակն է մեր պատմագրության մեջ, ով նման խորությամբ ուսումնասիրել է Նախիջեւանի խնդիրը: «Հեղինակը արժանի ուշադրություն է դարձրել 1920-21 թթ. Նախիջեւանում հրահրված ադրբեջանա-թուրքական մեքենայություններին եւ սադրիչ գործողություններին, որոնց նպատակը մեկն է եղել` ամեն կերպ ձախողել նախիջեւանյան հիմնահարցը հօգուտ հայերին լուծելը` վերամիավորումը մայր հայրենիքին»,- գրքի մասին ներկայացրած իր զեկույցում նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:
«Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանը Նախիջեւանի հիմնահարցին նվիրված այս գրքի թեման անվանեց «բազմահերոս ողբերգություն», որի հանգուցային արարը սահմանների գծումն է, որտեղ, ըստ Հրաչիկ Միրզոյանի, աչք է ծակում ժամանակի հայ քաղաքական գործիչների «անփութությունը»:
Շնորհանդեսին մասնակցող բոլոր պատմաբաններն ընդգծեցին նաեւ առաջիկայում գիրքը օտար լեզուներով ներկայացնելու անհրաժեշտությունը, որպեսզի աշխարհը եւս ականջալուր լինի պատմության իրական փաստերին