Ապագա պատմաբանների հյուրը Եգիպտոսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանն էր: Վերջինս ուսանողներին ներկայացրեց հայ-եգիպտական հարաբերությունները, պատմեց Եգիպտոսում մեծ դեր ունեցած հայ քաղաքական գործիչների, նրանց ունեցած դերի, եգիպտահայ համայնքի մասին:
Ուսանողներն առավելապես հետաքրքրված էին վերջին շրջանում Եգիպտոսի համար բավականին բարդ իրադրության մեջ գտնվող հայերի կարգավիճակով` եղել են կորուստներ, ինչ չափերի են հասնում դրանք, կա արդյոք միտումնավոր ճնշումներ մեր հայրենակիցների հանդեպ:
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը կարեւորում է այսպիսի հանդիպումները. «Ակնհայտ է ուսանողների հետաքրքրվածությունը այս հանդիպումների ժամանակ: Կարեւոր է, որ նրանք ընդլայնեն իրենց աշխարհայացքը ու նայեն ավելի լայն պատուհանից»:
Իսկ ապագա լրագրողների հյուրը Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանն էր:
Մինչ դեսպանի ելույթը ուսանողներին իր խոսքն ուղղեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով շնորհավորեց նորեկներին եւ մաղթեց հաջող ուսումնական տարի:
Այնուհետեւ Համլետ Գասպարյանը, ընդգծելով ժուռնալիստիկայի եւ դիվանագիտության մասնագիտական կապը, խոսեց Ռումինիայի եւ Հայաստանի` տարիների ընթացքում ձեւավորված միջպետական հարաբերությունների մասին, ներկայացրեց Ռումինիայի ձեւավորման պատմական ուղին եւ այնտեղ հայերի ծավալած տնտեսական, քաղաքական եւ մշակութային գործունեությունը: